ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ-ում նախատեսում են միության ներսում գանձվող պաշտպանական տուրքերի 10%-ն ուղղել վարկերի էժանացմանը։ Այս մասին «Ինտեգրացիա» Եվրասիական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը` նշելով, որ խոսքը մոտ 200 մլն դոլարի մասին է:
ԵՏՀ-ն առաջարկում է սուբսիդավորել վարկերի տոկոսադրույքները, որպեսզի ձեռնարկությունները կարողանան զարգանալ, առաջին հերթին` համատեղ բազմակողմ նախագծերով։ Աջակցության առաջնային ուղղությունները կորոշվեն ԵԱՏՄ երկրների կառավարությունների հետ համատեղ: Դրանց թվում կարող են լինել միկրոէլեկտրոնիկան, դեղագործական արդյունաբերությունը և ավիաշինությունը։
Մյասնիկովիչի խոսքով`վարկային ռեսուրսների բացակայության պատճառով 2022 թվականի առաջին յոթ ամիսների արդյունքներով ԵԱՏՄ-ում ներդրումային գործունեությունը «նստում է»: Իսկ միության առանձին երկրներում այն նույնիսկ անցյալ տարվա մակարդակից էլ ցածր է:
Նա ընդգծել է, որ միության երկրները ստիպված են աշխատել շարունակ ավելացող պատժամիջոցների ծանր պայմաններում, և վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը ձեռնարկություններին կօգնի զարգանալ, առաջին հերթին՝ ինտեգրացիոն նախագծերի ոլորտում: