ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ը ցնցված է ադրբեջանական ԶՈւ–ի կողմից անզեն հայ գերիների գնդակահարության դեպքից

Արխիվային լուսանկար
Կառույցը կոչ է արել անհապաղ հետաքննել հայ–ադրբեջանական սահմանին քաղաքացիական անձանց դեմ այս և նախորդ գրանցված հանցագործությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը ցնցված է սոցցանցերում տարածված այն տեսանյութով, որտեղ գնդակահարում են հայ ռազմագերիներին։ Կառույցն այս խնդրին արձագանքել է Twitter-ի իր էջում։
«ԺՀՄԻԳ-ը ցնցված է տեսագրությամբ, որտեղ, ըստ երևույթին, ցուցադրվել է հայ ռազմագերիների մահապատիժը։ Կոչ ենք անում անհապաղ հետաքննել հայ–ադրբեջանական սահմանին քաղաքացիական անձանց դեմ այս և նախորդ գրանցված հանցագործությունները: Ցանկացած հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն միջազգային իրավունքը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական Telegram ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Դեպքին արձագանքել են նաև մի շարք երկրների արտգործնախարարություններ` Կիպրոսի, Կանադայի, Ֆրանսիայի։ Հանցագործությունը դատապարտել են նաև ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, Եվրոպական միությունը, իսկ ՌԴ–ն կոչ է արել Երևանին և Բաքվին ուշադիր քննել գերիների գնդակահարության տեսանյութը։