ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը որոշել է հրաժարվել համայնքի ավագանու անդամի իր մանդատից։ Տեղեկությունը հայտնում է «Զորավոր համայնք» դաշինքը` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակելով նրա հայտարարությունը։
«Այդ որոշումը վերաբերում է միայն մանդատին, այլ ոչ երբեք այն պարտականություններին և պարտավորություններին, որոնք ես ստանձնել եմ ձեր առաջ և խոսք եմ տվել իրականացնել: «Զորավոր համայնք» դաշինքը ձեր վստահությամբ և աջակցությամբ հաղթանակ է տարել և իրականացնելու է տրված խոստումները»,– նշել է Մանուչարյանը։
Նա շեշտել է, որ համայնքի բարեկեցությունը, զարգացումը, ապահովությունն ու անվտանգությունն իր համար վեր են ցանկացած տեսակի անձնական շահից ու պաշտոնից, վստահեցրել է, որ շարունակելու է ապրել ու աշխատել հանուն Բերդ համայնքի։
Հիշեցնենք` Հարություն Մանուչարյանն անցած տարվանից կալանավորված է։ Նա սեպտեմբերի 25-ին անազատության վայրից վերընտրվեց իր պաշտոնում՝ հաղթելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վահրամ Սուքիասյանին։
Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։