Բելառուսական կողմը հետաքրքրված է «Ծաղկաձոր» մարզաբազայով. Կովալչուկը` Քերոբյանին

Կողմերը պայմանավորվել են ավելի հանգամանորեն ուսումնասիրել զբոսաշրջության ոլորտում երկու երկրների ներուժը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի «Ծաղկաձոր» մարզաբազայով։ Այս մասին ասել է Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Կովալչուկը ՀՀ էկոնոիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարարի գլխավորած պատվիրակությանը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 6–ին։
Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանում ակտիվորեն զարգանում է լեռնադահուկային զբոսաշրջությունը՝ այս համատեքստում ներկայացնելով «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» լեռնադահուկային համալիրի կառուցման ներդրումային խոշոր ծրագիրը: Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում մեկ այլ լեռնադահուկային հանգստավայր հանդիսացող Ջերմուկ քաղաքին։
Սերգեյ Կովալչուկը նշել է, որ Բելառուսում ինտենսիվ զարգանում է զբոսաշրջությունը, հատկապես ագրո և էկո տուրիզմը։
Կողմերը պայմանավորվել են ավելի հանգամանորեն ուսումնասիրել զբոսաշրջության ոլորտում երկու երկրների ներուժը։
Քննարկվել են նաև բժշկական և կրթական զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Մատիցինը պատրաստվում է այցելել Հայաստանում տեղակայված «Ծաղկաձոր» մարզաբազա
Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երեք երկրների միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները։