ԱՊՀ մյուս երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն աճել է և հասել 96 մլրդ դոլարի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահի խոսքով` ապրանքաշրջանառության աճը թույլ կտա ԱՊՀ–ի տարածքում ավելի հեշտ անցում կատարել ազգային փոխարժեքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Անցյալ տարի ԱՊՀ–ի մյուս երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 30 %-ով՝ հասնելով 96 մլրդ դոլարի։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում անցկացվող ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ–պաշտոնական հանդիպմանն ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այս տարվա առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունն աճել է ևս 7 %-ով: Վստահ եմ, որ նման դրական միտումները զարգացնելը թույլ կտա ավելի արդյունավետ անցում կատարել ԱՊՀ–ի տարածքում ազգային փոխարժեքին»,– նշեց Պուտինը։
Նրա խոսքով` այդ ամենը կնպաստի ԱՊՀ անդամ երկրների ֆինանսական ինքնիշխանության ամրապնդմանը, ներքին շուկաների և կապիտալի զարգացմանը, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման խորացմանը։
Հավելենք, որ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ–պաշտոնական հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։