Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանական ԶՈւ–ն կրակում է Գեղարքունիքի Կուտական համայնքի դիրքերի ուղղությամբ

Կուտականի ղեկավարը հայտնեց` ադրբեջանական կողմը սկսել էր կրակել հայկական դիրքերի ուղղությամբ առավոտյան ժամը 9-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ–ն այս պահին կրակում է Գեղարքունիքի Կուտական համայնքի դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց համայնքի ղեկավար Մակիչ Թովմասյանը։
«Այսօր առավոտյան ժամը 9-10-ը դիրքից դիրք կրակոցներ են հնչել, հիմնականում մանր տրամաչափի զինատեսակներով էին կրակում։ Դրանից հետո իրավիճակը հանդարտվել էր, սակայն քիչ առաջ նորից սկսեցին կրակել»,–ասաց Թովմասյանը։
Նրա խոսքով` համայնքում խուճապ չկա, բայց մարդիկ, բնականաբար, անհանգստացած են։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։