20-ից ավել դիմումներ ենք ստացել ընտանիքներից. Գրիգորյանը` գերեվարումների մասին

ՄԻ պաշտպանը նշում է, որ հիմա էլ կան դեպքեր, որոնց մասով մեծ է հավանականությունը, որ այդ անձինք կարող են գտնվել ադրբեջանական կողմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 13-ից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 20-ից ավել ընտանիքներից դիմումներ է ստացել, որ սոցցանցերում շրջանառվող տեսանյութերում իրենց տղան է երևում գերեվարված։ ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն այս մասին հայտնեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։
«Կային դեպքեր, որ երկու տարբեր ընտանիքներ պնդում էին, թե նույն տեսանյութում իրենց տղային են տեսնում։ Այժմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցում ենք և նրանց ենք ներկայացնում մեր դիմումները։ ԿԽՄԿ–ն ասաց, որ Ադրբեջանը հաստատել է 17 գերիների փաստը, սակայն ունենք դեպքեր, որոնց մասով մեծ է հավանականությունը, որ այդ անձինք կարող են գտնվել ադրբեջանական կողմում։ Այս առումով շարունակելու ենք աշխատանքը»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` ՄԻՊ–ի գրասենյակն անհետ կորածների հետ կապված 40-ից ավել դիմումներ ունեն։ Սակայն այդ թիվը վերջնական չէ, քանի որ մարմինների նույնականացման գործընթացը շարունակվում է։ Գրիգորյանը հավելեց, որ ադրբեջանական կողմը շատ դժվարությամբ է փոխանցել հայ զինծառայողների մարմինները։
Խոշտանգել և նվաստացրել են. ՄԻՊ–ի խմբերը զրուցել են հայրենիք վերադարձած գերիների հետ
«Մեզ վերադարձած դիերը փորձաքննության են ենթարկվում։ Կային դեպքեր, որ փորձաքննությունը փաստել էր` հայ զինծառայողի վիրավորումը մահացու չի եղել, սակայն նա մահացել է ներքին արնահոսությունից։ Սա փաստում է, որ որոշները նաև խոշտանգումների են ենթարկվել»,–ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։