ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին, տեսակապով ելույթ ունենալով Ավստրալիայի Լոուի ինստիտուտում, ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնի ՌԴ-ին, ոչ թե «սպասի Ռուսաստանի միջուկային հարվածներին»: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ի՞նչ պետք է անի ՆԱՏՕ-ն։ Բացառել Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։ Կանխարգելիչ հարվածներ, որ նրանք իմանան, թե ինչ կլինի նրանց հետ, եթե կիրառեն դա: Ոչ թե հակառակը՝ սպասենք Ռուսաստանի միջուկային հարվածներին, որ հետո ասենք. «Ախ, դու այդպես, դե ուրեմն բռնի»։ Վերանայել ճնշման օգտագործումը։ Ահա թե ինչ պետք է անի ՆԱՏՕ-ն՝ վերանայի օգտագործման կարգը», - ասել է Զելենսկին․
Սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ Արևմուտքն անցել է իր հակառուսական քաղաքականության բոլոր սահմանագծերը, ինչպես նաև Ռուսաստանի հասցեին մշտական սպառնալիքների սահմանները:
Նրա խոսքով՝ Արևմուտքի կողմից գործի է դրվել միջուկային շանտաժը, Ռուսաստանի դեմ զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը։ ՌԴ նախագահը Արևմուտքին հիշեցրել է, որ Ռուսաստանը մի շարք բաղադրիչներով գերազանցում է արտասահմանյան ռազմական տեխնիկային և նախազգուշացրել է միջուկային զենքով ՌԴ-ին շանտաժի ենթարկելու փորձ անողներին, որ «քամիների վարդը» կարող է նրանց ուղղությամբ շրջվել։
Սցենարները, որոնց դեպքում Ռուսաստանը տեսականորեն կարող է միջուկային զենք կիրառել, շարադրված են ռուսական ռազմական դոկտրինում և «Միջուկային զսպման բնագավառում պետական քաղաքականության հիմունքներում»: Փաստաթղթերի համաձայն՝ դա հնարավոր է Ռուսաստանի կամ դրա դաշնակիցների դեմ զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ ագրեսիայի դեպքում կամ սովորական սպառազինությունների կիրառմամբ ագրեսիայի դեպքում, երբ սպառնալիքի տակ է դրված հենց պետության գոյությունը։