Տենդերը հաղթողները մինչև տարեվերջ հիմնովին և մասնակի կվերանորոգեն Երևանի ավտոբուսները

Երևանի նոր ավտոբուսները. Արխիվային լուսանկար
Երևանի քաղաքապետարանից հայտնում են նաև, որ մինչև տարեվերջ մայրաքաղաք կներկրվի 165 նոր, միջին դասի ավտոբուս և 30 տրոլեյբուս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. «Երևանի ավտոբուս» ընկերությունն ավտոբուսների պահեստամասերի ձեռք բերման մրցույթ է իրականացրել։ Կան հաղթող ընկերություններ։ Մինչև տարեվերջ հիմնովին կնորոգվեն 10-ից 15 և մասնակի՝ 20-ից 30 ավտոբուս։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել «Սենտրալ», «Օպտիպարտ-ԱՄ», «Լանիգերա», «Ալեքս-Պրո» ընկերությունները և «Ալեքսան Միքայելյան Դավիդի» ԱՁ-ն»,- գրված է քաղաքապետարանի պատասխանում:
Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ «Երևանի ավտոբուս» ընկերությանը պատկանող 249 «Հայգեր» մակնիշի ավտոբուսներից հիմնովին վերանորոգման կարիք այս պահին ունեն 50-ը, մնացածը՝ մասնակի:
Հարցմանն ի պատասխան քաղաքային գերատեսչությունից հայտնում են նաև, որ մինչև տարեվերջ Երևան կներկրվի 165 նոր, միջին դասի ավտոբուս և 30 տրոլեյբուս։
«Տրանսպորտային միջոցները կներդրվեն երթուղային ցանց 2023 թվականից»,- ասված է պատասխանում:
Երևանի քաղաքապետարանից զգուշացնում են նաև, որ վերը նշված ժամկետները կարող են փոփոխվել՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացներն ու տարածաշրջանում լոգիստիկ խնդիրների առկայությունը: