Տարոն Մանուկյանն ու Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն

«Գյումրեցի պապիկների» գործով հունիսից կալանավորված երկու տղաներն ազատ կարձակվեն գրավի դիմաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց փաստաբան Աբգար Պողոսյանը։
«Այսօր հերթական դատական նիստն էր, որի ժամանակ քննարկվում էր Տարոն Մանուկյանի և Գոռ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Դատարանը բավարարեց մեր միջնորդությունը` նրանք ազատ կարձակվեն գրավի դիմաց։ Յուրաքանչյուրի համար 3-ական միլիոն դրամ գրավ է սահմանել դատարանը»,–ասաց Պողոսյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ընդդիմության կազմակերպած ավտոերթի ընթացքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ մի խումբ երիտասարդներ՝ իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:
«Գյումրեցի պապիկների» գործով կալանավորված 5 տղաներից երեքն ազատ են արձակվել
Ընդդիմադիրներն իրենց հերթին հայտնել են, որ տեղի ունեցածը սադրանք էր. հավաքվածները մինչ այդ ձվերով, քարերով հարվածել են երթի մասնակիցների ավտոմեքենաներին, հայհոյանքներ հնչեցրել։
Հավելենք, որ նշված գործով մեղադրանք էր առաջադրվել 7 անձի, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը: