Թաիլանդում հարձակման զոհերի թիվը հասել է 36-ի, որոնցից 24-ը երեխաներ են

Ոստիկանական ավտոմեքենա
Ըստ լրատվամիջոցների` մանկական կենտրոնում կրակոցներ արձակելուց հետո հանցագործը տուն է վերադարձել, սպանել կնոջն ու որդուն, ինչից հետո ինքնասպան է եղել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Թաիլանդի Նոնգ Բուա Լամպհու նահանգում կրակոցների հետևանքով 24 երեխա է մահացել, որոնցից 22-ը՝ մսուրում: Սպանվել է նաև 12 մեծահասակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով նահանգի վարչակազմին։
«Հրաձգության հետևանքով մահացել է 36 մարդ, նրանցից 22-ը` 19 տղա և 3 աղջիկ, կրտսեր տարիքի երեխաների զարգացման կենտրոնում, 2 տղա` կենտրոնից դուրս, այդ թվում՝ հանցագործի տանը։ Մահացել է 6 տղամարդ և 6 կին։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 12 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Thai PBS հեռուստաալիքը, հղում անելով ոստիկանությանը, հայտնում է, որ կրակողը` ոստիկանության նախկին սերժանտ Փանյա Կխամրափը, փախել է հանցագործության վայրից և վերադարձել իր տուն, որտեղ գնդակահարել է կնոջն ու մանկահասակ որդուն, հետո ինքնասպան է եղել: