Սահմանամերձ բնակավայրերի հիփոթեքային վարկի աջակցության տրամադրումը կմեկնարկի նոյեմբերից

Սահմանամերձ գյուղ Սյունիքում
Կառավարության կանխատեսումներով` մինչև այս տարեվերջ ծրագրից կօգտվեն 80 շահառուներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Սահմանամերձ բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակելի տներ կառուցողների փոխհատուցումը պետությունը կսկսի 2022թ–ի նոյեմբերի ամսից։
Այս որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծի հիման վրա։
Դրա համաձայն` միայն այս տարվա համար սահմանամերձ բնակավայրում տուն կառուցողների համար պետական բյուջեից կհատկացվի 28 668 000 դրամ։
Կառավարության կանխատեսումներով` մինչև այս տարեվերջ ծրագրից կօգտվեն 80 շահառուներ։ Գործադիր մարմնի հաշվարկով` նրանցից յուրաքանչյուրի ամսական աջակցության չափը կկազմի 238 897 դրամ։
Հաշվարկի հիմքում 80 սահմանամերձ գյուղեր են, որոնցից յուրաքանչյուրում 2022 թվականին միջինում 1-ական բնակելի տուն կկառուցվի ծրագրի շրջանակում։
2023 թվականի համար կանխատեսվում է միջինը 380 գործարք, և, հիմք ընդունելով վերոնշյալ հաշվարկի տրամաբանությունը, 2023 թվականին ծրագրի բյուջեն կկազմի արդեն 465 849 509 դրամ։
2024 թվականի համար կանխատեսվում է յուրաքանչյուր գյուղում 3-ական բնակելի տան կառուցում` ընդհանուր՝ 620 գործարք` 1 089 371 159 դրամ արժեքով։
Հիփոթեքային աջակցության տեսակները երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքների համար
Հիշեցնենք` սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը հաստատվել էր կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի որոշմամբ։
Որոշման համաձայն` նախատեսվում է փոխհատուցել շահառուների հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար մինչև 12 մլն դրամը, բայց ոչ ավելի, քան ամսական 171 հազ. դրամ, ինչպես նաև տոկոսագումարների մինչև 12%–ը, բայց ոչ ավելի, քան ամսական մինչև 120 հազ. դրամ։
Սահմանամերձ բնակիչների կոմունալ վճարումների փոխհատուցման համար 973 մլն դրամ հատկացվեց