Փորձում ենք Արցախին վերադարձնել խոսակցության սեղան. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը նշում է, որ Արցախի կարգավիճակից հետ կանգնելու խնդիր չի եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է` Արցախը ներգրավված է բոլոր գործընթացներում, և չկա որևէ բան, որ Արցախի իշխանությունները չգիտեն։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Ալեն Սիմոնյանը։
«Որևէ քայլ չի արվել և չի արվելու առանց Արցախի որոշման։ Արցախին միայնակ չենք թողնելու։ Հնչող հայտարարությունները զավեշտ են։ Փորձում ենք Արցախին վերադարձնել խոսակցության սեղան, որպեսզի այլ հարց չլինի, որ Հայաստանից մի կարծիք հնչի, Արցախի ԱԺ-ից՝ մեկ այլ կարծիք»,–ասաց Սիմոնյանը։
Սիմոնյանը վստահեցրեց, որ Արցախի կարգավիճակից հետ կանգնելու խնդիր չի եղել` խոսքն իրավունքների մասին է եղել։
Անդրադառնալով խաղաղության պայմանագիր կնքելուն` Սիմոնյանը նշեց, որ հաշվի առնելով, թե ով է խաղաղության պայմանագրի հակառակ կողմը, մինչև այդ պայմանագիրը չկնքվի, անձամբ ինքը «փոքր վստահություն» ունի հարևանների նկատմամբ։ Չնայած, ըստ Սիմոնյանի, այդ գործընթացում ներգրավված են միջազգային գործընկերները։
Նա նշեց, թե մշտապես քննարկվում է, որ Ադրբեջանն ինչ-որ զիջումների դիմաց է համաձայնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, տարբեր փաստաթղթեր ու սկզբունքներ են վկայակոչվում: Նա հավելեց` իշխանության բարձրագույն ներկայացուցիչներն ասում են, որ ՀՀ-ի 29 800 քառակուսի կիլոմետրը և ինքնիշխանությունն անքննելի են. կան կարմիր գծեր։