Փաշինյանը համոզում է ժողովրդին իր նախորդների դավաճանական քաղաքականության մեջ. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում ներկա և նախկին իշխանությունների փոխադարձ մեղադրանքներին։
Sputnik
Իշխանության հիմնական խնդիրն է համոզել հասարակությանը Արցախի վերաբերյալ իր թեզերի ճշմարտացիության մեջ, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենից շատ վախենում է հանրային մերժումից և իր իշխանության կորստից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Հոկտեմբերի 5-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև նախկին արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Էդվարդ Նալբանդյանը փաստացի ԼՂ–ն ճանաչել են Ադրբեջանի կազմում, քանի որ այն պահին, երբ ՀՀ–ն ընդունել է Մադրիդյան սկզբունքները, դրանով իսկ ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։
Իսկ Փաշինյանի հակառակորդներն, ի պատասխան, նրան մեղադրում են հանցավոր վատնման, դիվանագիտական ձեռքբերումները փոշիացնելու մեջ, ինչը սկզբում հանգեցրեց պատերազմի, իսկ այնուհետև, Հայաստանի պարտությունից հետո, Արցախի լիակատար կորստի վտանգի։
«Նիկոլ Փաշինյանը համոզում է ժողովրդին իր նախորդների դավաճանական քաղաքականության մեջ։ Վարչապետի համար այս իրավիճակում կարևոր չէ, թե դա ինչպես կանդրադառնա Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումների վրա։ Անցյալ տարվա դեկտեմբերից Փաշինյանը տարբեր ձևերով ակնարկել է, թե Լեռնային Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի կազմում»– ասաց քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ իշխանության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար շատ ավելի կարևոր է ընդդիմությանը լռեցնելը, քան Արցախի հարցում շահավետ որոշումներ կայացնելու մեխանիզմներ գտնելը։ Սա է պատճառը, որ իշխանությունը շատ ավելի բուռն է արձագանքում ներքին հակառակորդների մեղադրանքներին, քան Ադրբեջանի հայտարարություններին։ Ըստ Միքայելյանի` վարչապետը տակավին իր գլխավոր խնդիրն է տեսնում իշխանության պահպանումը։
Քաղաքագետը պնդում է, որ բոլոր թերություններով հանդերձ, որոնք իհարկե եղել են, նախկին բանակցություններում Երևանի գերագույն խնդիրը եղել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը և նրա ճանաչումը։ Կարելի է հիշել 2016 թվականի աշնանը Իլհամ Ալիևի հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանին փակ դռների հետևում պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը։
Փաշինյանը, Էրդողանը, Ալիևը և Մակրոնը` նույն սեղանի շուրջ. տեսանյութ` Պրահայից
«Նախկին իշխանությունների մասնակցությամբ իրականացված գործընթացը չի կարող համեմատվել ներկայիս գործընթացի հետ, քանի որ այժմ բանակցությունները մեկ նպատակ են հետապնդում՝ Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին»,–նշեց քաղաքագետը։
Մեր զրուցակիցը մտավախություն ունի, որ գործող իշխանության «բացահայտումները»՝ կապված նախորդների գործունեության հետ, վաղ թե ուշ կբարդացնեն Երևանի դիրքերը դիվանագիտական մարտերում։ Ցանկացած բանակցություն քրտնաջան և նուրբ աշխատանք է, որտեղ կարևոր է յուրաքանչյուր նրբերանգ:
«Յուրաքանչյուր իշխանություն, եթե իսկապես պաշտպանում է իր երկրի շահերը, պետք է բանակցի հանուն ամեն բլրի, ամեն ծառի։ Բայց հիմա մենք լրիվ այլ տրամաբանություն ենք տեսնում։ Իր նախորդների ձեռքբերումները հողին հավասարեցնելով` Փաշինյանը փաստացի նպաստում է ադրբեջանական թեզերի ամրապնդմանը»,-ասաց Միքայելյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ սխալներ է գործել նախկին ղեկավարությունը, ապա, ըստ Միքայելյանի, ամենամեծ բացթողումը 1991 թվականի դեկտեմբերին Հայաստանի համաձայնությունն էր ճանաչել նախկին ԽՍՀՄ հանրապետությունները, այդ թվում Ադրբեջանը, խորհրդային սահմաններում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի անկախության կուրսի որդեգրումը, այլ ոչ թե նրա միացումը Հայաստանին։
Մյուս բացթողումը, Միքայելյանի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի դուրս մղումն էր բանակցություններից։ Երրոդ սխալն այն էր, որ Քի Ուեսթից հետո (2001թ.) Հայաստանն այդպես էլ չհասկացավ Ադրբեջանի հետ բանակցելու փորձերի անիմաստությունը։