ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը, տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը։
«Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ:
Հավելենք, որ Պրահայում անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
Նշենք, որ մինչ Էրդողանի հետ հանդիպումը կայացել էր քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, ինչպես նաև Փաշինյան–Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպումը։
Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունեցել նաև Հունաստանի ու Գերմանիայի ղեկավարների հետ։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները հանդիպել էին 2009 թվականին, երբ Թուրքիայի Բուրսա քաղաքում ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպման ժամանակ հանդիպեցին այն ժամանակվա նախագահներ Սերժ Սարգսյանը և Աբդուլլահ Գյուլը: