ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:
Վարչապետը մանրամասներ է փոխանցել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, անդրադարձել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը:
«Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում վարչապետն ընդգծել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ Պրահայում անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
Նշենք, որ ավելի վաղ կայացել է քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, ինչպես նաև Փաշինյան–Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպումը։
Հայաստանի վարչապետն առանձնազրույց է ունեցել նաև Հունաստանի վարչապետի հետ։