ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը շահագրգռված է ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին նյութերի բազմակողմանի հետաքննության հարցում։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ զինվորների գնդակահարության և արցախյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների մասին հարցին ի պատասխան։
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գնդակահարում գերեվարված հայ զինծառայողներին: Բաքուն հայտարարել էր սկսված հետաքննության մասին։
«Բոլոր նման դեպքերը պահանջում են անհապաղ, մանրակրկիտ և բազմակողմանի վերլուծություն, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների առումով»,-ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ նման տեղեկատվություն պարբերաբար հայտնվում է, և երկու կողմերն էլ հնչեցնում են այն։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ռուսական կողմը հնարավորություն ունի այդ նյութերին ծանոթանալ ոչ միայն ԶԼՄ-ներից, այլև կողմերի փոխանցած տվյալներից:
Կողմերը պետք է պահպանեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթները, այդ թվում` դեռ բաց հարցերի լուծման հարցում։ Զախարովան նշել է, որ դա վերաբերում է և՛ ռազմագերիների փոխանակմանը, և՛ անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, և՛ տարածաշրջանում մշակութային-հումանիտար ժառանգության պաշտպանությանը: