Լոռու մարզի 3 ԲԿ-ներ յուրացրել են պետության տրամադրած գումարները

ՀՀ գլխավոր դատախազություն
Ընդհանուր առմամբ 121 շահառու չեն ստացել անհրաժեշտ հետազոտություններ, բայց այդ անձանց անվամբ պետության կողմից բժշկական կենտրոնին փոխանցվել են գումարներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Զանգվածային սքրինգների համար պետության տրամադրած գումարները Լոռու մարզի մի քանի բժշկական հիմնարկներ յուրացրել են, իսկ շահառուները չեն անցել անհրաժեշտ հետազոտություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Պետությանը պատճառվել է 100 մլն դրամի գույքային վնաս. քրեական վարույթ է նախաձեռնվել
Ըստ հաղորդագրության, ուսումնասիրություններ են կատարվել մարզի 28 բժշկական հաստատություններում՝ բնակչության ռիսկային խմբերում իրականացված զանգվածային սքրինգների վերաբերյալ պետության կողմից բժշկական հիմնարկներին հատկացված գումարների տնօրինման օրինաչափությունը պարզելու համար:
Ուսումնասիրությունների արդյունքում երեք բժշկական հաստատությունում՝ «Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ–ում, «Վարդաբլուրի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ–ում, «Ջրաշենի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ–ում, հայտնաբերվել են հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ:
«Պարզվել է, որ «Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ–ում 63 շահառուներ չեն անցել անհրաժեշտ հետազոտություններ, «Վարդաբլուրի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ–ում ՝ 36, «Ջրաշենի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ–ում՝ 22 շահառուներ, սակայն այդ անձանց անվամբ պետության կողմից նշված կենտրոնին փոխանցվել են գումարներ»,- ասվում է դատախազության տարածած հաղորդագրությունում։
Այսպիսով, ի հայտ են եկել պաշտոնատար անձանց կողմից, ծառայողական լիազորություններն օգտագործելով, խաբեությամբ պետությունից գումարներ հափշտակելու և պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ կատարելու մասին վկայող տվյալներ:
Նախաձեռնվել է երեք քրեական վարույթ։ Նախաքննությունը հանձնարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեին: