ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի, Sputnik - Խաչիկ Չախոյան. Ժունինյոյի և Յուսուֆ Օտուբանջոյի գոլերի շնորհիվ «Փյունիկը» 2։0 հաշվով հաղթանակի հասավ «Ժալգիրիսի» նկատմամբ։
Մրցավեճը շատ կարևոր նշանակություն ուներ կողմերի համար։ Մեր թիմի հաղթանակի դեպքում «Փյունիկը» ամրապնդվում էր խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում, ու հինգ միավորի առավելություն ստանում «Ժալգիրիսի» նկատմամբ։ Հյուրերին էլ հարկավոր էր հաղթանակը փլեյ օֆֆի ուղեգրերի համար պայքարելու համար։
Խաղի մեկնարկում զգացվում էր հանդիպման նշանակության պատճառով առաջացած լարվածությունը։ Թիմերը տեղաշարժվում էին, շոշափում միմյանց թույլ ու ուժեղ կողմերը, բայց կտրուկ գործողությունների չէին դիմում։ Ժամանակն անցնում էր, բայց գոլային պահեր չկային։
Կոնֆերենցիաներ լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի «Փյունիկ» - «Ժալգիրիս» հանդիպումը
© Sputnik / Andranik Ghazaryan
«Փյունիկը» սկսեց գնդակը երկար խաղարկել խաղադաշտի կենտրոնում, փորձելով գտնել գրոհի շարունակության ուղղություն։ Իսկ նման դեպքերում «Ժալգիրիսը» պաշտպանվելով ամբողջ թիմով՝ զրկում էր մեր թիմին ազատ գործելու հնարավորությունից։
Առաջին վտանգավոր պահը «Փյունիկը» ստեղծեց խաղի 24-րդ րոպեին, երբ Ժունինյոյի փոխանցումից հետո մեկ հպումով դարպասին հարվածեց Լուկա Յուրիչիչը, բայց՝ ուղիղ դարպասապահի վրա։
Հաջորդ իսկ գրոհի ժամանակ մերոնք կարող էին բացել հաշիվը։ Դաշյանի արագացումը ձախ եզրով ու ժամանակին կատարված փոխանցումը դեպի աջ հարվածի դուրս բերեցին Յուսուֆ Օտուբանջոյին, սակայն վերջինիս հարվածը կարողացավ հետ մղել դարպասապահ Էդվինաս Գերտմոնասը։ Խաղն ակտիվացավ։ Մեր թիմը զգաց, որ մրցակիցը անխոցելի չէ։ Սակայն «Ժալգիրիսի» կազմում էլ կային արագ ֆուտբոլիստներ, որոնք պատրաստ էին հակագրոհելու։
31-րդ րոպեին «Փյունիկը» նորից մոտ էր հաջողությանը հասնելուն։ Բայց անհասկանալի կերպով մեր թիմի երկու ֆուտբոլիստներ չկարողացան արագ կողմնորոշվել ու երկու մետրից գնդակն ուղարկել «Ժալգիրիսի» դարպասը։
Գոլը հասունանում էր, ու «Ժալգիրիսի» համար այն եկավ չսպասված տեղից։ Առաջին կեսի ավարտից երկու րոպե առաջ Ժունինյոն ստացավ Արտակ Դաշյանի փոխանցումն ու հասնելով գնդակին՝ այն անցկացրեց դարպասը։ «Հանրապետական» մարզադաշտը ցնծաց ու սկսեց սպասել նոր հաջողությունների, բայց արդեն երկրորդ կեսում։
Առաջին կեսում, երբ Ժունինյոն բացեց խաղի հաշիվը, մարզադաշտի հաղորդավարը սխալվեց՝ որպես գոլի հեղինակ հայտարարելով Յուսուֆ Օտուբանջոյին։ Հետո ներողություն խնդրեց ու ասաց, որ սպասում ենք Օտուբանջոյի հաջողությանը։ Նիգերացին հուսախաբ չարեց, ու խաղի 61-րդ րոպեին գլխի հարվածով կրկնապատկեց «Փյունիկի» առավելությունը։ Բաց թողած երկրորդ գոլից հետո հյուրերը զգալիորեն ակտիվացան ու սկսեցին լրջորեն սպառնալ մերոնց դարպասին։
Բայց «Փյունիկի» մարզիչների փոփոխություններն ու մեր թիմի ֆուտբոլիստների անմնացորդ նվիրվածությունը մասնավորապես պաշտպանվելուն զրկեցին «Ժալգիրիսին» նույնիս մեկ միավորի մասին մտածելու հնարավորությունից։ Երկրորդ անընդմեջ հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում «Փյունիկին» հաստատեց խմբի երկրորդ տեղում։
Հաջորդ խաղում «Փյունիկի» մրցակիցը նորից «Ժալգիրիսն» է լինելու։ Հոկտեմբերի 13-ին երկու թիմերի պատասխան մրցավեճը կայանալու է Վիլնյուսում։