Խաղաղության պայմանագրի շուրջ արևմտյան մոտեցումներն այնքան էլ հավասարակշռված չեն. ՌԴ ԱԳՆ

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի աջակցում զգայուն հարցերի շուրջ աշխարհաքաղաքական խաղերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը դեմ է աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի վտանգավոր ձախողման։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերվում Բրյուսելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը լիովին հասկանում է, որ աշխարհաքաղաքականությունը խաղի, մանևրելու որոշակի տարր է պարունակում։
«Բայց մենք դեմ ենք աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք հանգեցնում են իրավիճակի վտանգավոր ձախողման։ Մենք միշտ պատրաստ ենք աջակցել այն ջանքերին, որոնք տանում են շոշափելի արդյունքների։ Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրի շուրջ արևմտյան մոտեցումներին, ապա, մեր կարծիքով, դրանք այնքան էլ հավասարակշռված չեն։ Իսկ որոշ արևմտյան միջնորդների ընդհանրապես անհնար է անվանել խաղաղության միջնորդներ», - նշել է նա։
Անդրադառնալով վերջերս Ադրբեջանից հայ գերիներին վերադարձնելու հարցում Արևմուտքի միջնորդական ջանքերին` դիվանագետը նշել է, որ Մոսկվան երբեք նման բնույթի հումանիտար խնդիրների շուրջ աշխարհաքաղաքական խաղեր չի կազմակերպում: Նա հիշեցրել է, որ 2020 թվականի աշնանը զինված դիմակայության ավարտից հետո Մոսկվայի անմիջական աջակցությամբ վերադարձվեցին 147 պահվող անձինք, որոնցից 128–ը ՝ հայկական կողմին, 19–ը՝ ադրբեջանական:
Զախարովան հավելել է, որ Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին վերջնականապես փակել թեման և «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով վերադարձնել պահվող անձանց:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։