ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիան և դրա հետևանքներն ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը ներկայացրել է Չեխիայի ԱԳՆ Անվտանգային քաղաքականության վարչության պետ Իվան Պոչուխին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը` հավելելով, որ Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարությունների միջև:
«Արա Մարգարյանը կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունների և ռազմական հանցագործությունների դատապարտմանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի:
Ընդգծվել է վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, քննարկվել են Հայաստան-ԵՄ օրակարգային կարևոր հարցեր՝ ԵՄ-ում չեխական նախագահության համատեքստում։
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը։