ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik, Իրինա Աբրոյան: Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերի բացումը մեկնարկել է ռուսական թանգարանների շնորհանդեսով` Երևանի Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում: Բացմանը ներկա էին ռուսական և հայկական հայտնի թանգարանների ղեկավարներ, երկու երկրների թանգարանային ոլորտի ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ:
Որմնանկարների սրահում բացվել է «Ռուսաստանը թանգարանային երկիր է» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Ռուսաստանի ազգագրական թանգարանի, Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի, Կինոյի պետական կենտրոնական թանգարանի, «Ֆանագորիա» պետական պատմահնագիտական արգելոց-թանգարանի եւ Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանի եզակի հավաքածուները:
Սերգեյ Կոպիրկին
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ պետությունների բազմապրոֆիլային փոխգործակցությունը, արդյունավետ բարեկամական կապերի կայացումը, զարգացումն ու ամրապնդումը ՌԴ արտաքին քաղաքականության բնական և անվերապահ գերակայությունն է, առավել ևս, երբ խոսքը պատմականորեն, հոգեպես, մշակութապես մոտ երկրների մասին է:
«Ինչ վերաբերում է հայ–ռուսական հարաբերություններին, ապա դա հատուկ երևույթ է։ Մեզ շատ բան է միավորում ու շատ վաղուց։ Մեր ժողովուրդները հավատարիմ են ընդհանուր ավանդական արժեքներին, իրենց ազգային ինքնության պահպանմանը», - ասաց Կոպիրկինը:
Ալֆրեդ Քոչարյան
© Sputnik / Aram Nersesyan
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ավելացրեց, որ շատ հայերի համար Ռուսաստանը երկրորդ հայրենիք է դարձել. նրանք ակտիվորեն մասնակցել են այդ երկրի քաղաքական, պետական, ռազմական և մտավոր էլիտայի ձևավորմանը: Եվ հակառակը, հայ մշակույթի կայացման գործում անգնահատելի դերակատարություն է ունեցել ռուս մտավորականությունը։
Հատուկ հյուր, Տրետյակովյան պետական պատկերասրահի գլխավոր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան ընդգծեց, որ Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր թանգարանների ներկայացուցիչների հանդիպումը շատ կարևոր է փորձի փոխանակման, հանդիպելու ու դեմառդեմ շփվելու հնարավորության տեսանկյունից:
Զելֆիրա Տրեգուլովա
© Sputnik / Aram Nersesyan
Նա նշեց, որ Տրետյակովյան պատկերասրահը վերջին տարիներին շատ ինտենսիվ համագործակցել է հայկական թանգարանների հետ, ու դժվար է հիշել դրա թեկուզ մեկ ցուցահանդես, որտեղ մասնակցած չլինեին Հայաստանի ազգային պատկերասրահը, Սարյանի թանգարանը կամ Ռուսական արվեստի թանգարանը և այլն:
Նշենք, որ «Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը» նվիրված են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ու անցկացվում են հոկտեմբերի 5-7-ը: