ՀՀ կառավարությունը 39 մլն դրամ հատկացրեց օլիմպիադայի փոխչեմպիոն դարձած շախմատիստների համար

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը
Կառավարությունը որոշեց լրացուցիչ 5 մլն դրամով պարգևատրել հավաքականի հինգ մարզիկներից յուրաքանչյուրին, 3–ական մլն դրամով էլ` հավաքականի գլխավոր մարզչին ու թիմի ղեկավարին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց իր պահուստային ֆոնդից 39 240 600 դրամ հատկացնել Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում երկրորդ տեղը գրաված Հայաստանի տղամարդկանց հավաքականին պարգևատրելու համար։
Բացի նման դեպքերում հավաքականի անդամների ու մարզիչների համար հաստատված պարգևատրման չափերից, կառավարությունը որոշեց նաև լրացուցիչ 5 մլն դրամով պարգևատրել հավաքականի հինգ մարզիկներից յուրաքանչյուրին, 3–ական մլն դրամով էլ` հավաքականի գլխավոր մարզչին ու թիմի ղեկավարին:
Հավելենք, որ Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը ներկայացել էր հետևյալ կազմով՝ Գաբրիել Սարգսյան (վարկանիշը` 2698), Հրանտ Մելքումյան (2634), Սամվել Տեր-Սահակյան (2625), Մանուել Պետրոսյան (2610) և Ռոբերտ Հովհաննիսյան (2591)։ Հայաստանի թիմը դարձավ փոխչեմպիոն և արծաթե մեդալ վաստակեց։
Ընդ որում` մարզիչ Արման Փաշիկյանը, շախմատիստներ Սամվել Տեր- Սահակյանն ու Մանուել Պետրոսյանն այդ օլիմպիադայում առաջին անգամ էին հանդես գալիս ՀՀ հավաքականի կազմում ։
Թիմն առաջին անգամ էր ներկայանում առանց առաջատարի` գրոսմայստեր Լևոն Արոնյանի, որին փոխարինել էր Գաբրիել Սարգսյանը։
«Ձեր նվաճած արծաթե մեդալը ոսկու արժեք ունի». Դումանյանը պարգևատրել է շախմատիստներին