ՀՀ իշխանությունները պետք է մեկնաբանեն. Զախարովան` «հավաստի աղբյուրի» լուրերի մասին

Մարիա Զախարովա
Զախարովայի խոսքով` եթե դա լիներ պաշտոնական հայտարարություն, ապա Մոսկվան կմեկնաբաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել «Հայկական ժամանակ» թերթում Երևանի վերաբերյալ Մոսկվայի ծրագրերի մասին աղմկահարույց հրապարակման էությունը:
Ավելի վաղ պարբերականը, որի գլխավոր խմբագիրը ՀՀ վարչապետի կինն է, հղում անելով «հավաստի մի աղբյուրի», հրապարակել էր մի հոդված, որում ասվում էր, որ Մոսկվան ձգտում է հասնել Հայաստանի անդամակցությանը Միութենական պետության կամ ՌԴ կազմի մեջ:
Ըստ հրապարակման, իբրև թե ՌԴ-ն Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով միջանցք պահանջելու հիմնական շահառուն է։ Հոդվածում նաև ասվում էր, որ Մոսկվան միտումնավոր ռազմական օգնություն չի ցուցաբերում Երևանին, որպեսզի նա իրեն ավելի խոցելի զգա և, ի վերջո, «ավելի ամուր կառչած մնա» ՌԴ-ին։
Զախարովայից հետաքրքրվել են, թե որքանով են հոդվածում շարադրված փաստերը արտացոլում իրականությունը։ Դիվանագետը հայտարարել է, որ այդ հարցը պետք է ուղղել Հայաստանի պաշտոնատար անձանց։
Նրա խոսքով` եթե դա լիներ պաշտոնական հայտարարություն, ապա Մոսկվան կմեկնաբաներ։ Բայց աղբյուրներին հղում արված դեպքերը մեկնաբանելն իր իրավասությունը չէ։