ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը` որպես Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ, հնարավոր է համարում այդ կառույցի նախագահի պաշտոնում իր ընտրվելը։ Այս մասին Անդրեասյանը հայտարարեց Ազգային ժողովում` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Ես հավակնում եմ լինել ԲԴԽ նախագահ, քանի որ այդ պաշտոնը դեռ թափուր է։ ԲԴԽ անդամ ընտրվելուց հետո արդեն լինելու է քննարկում, քվեարկություն և մյուս 5 գիտնական անդամների հետ ես էլ եմ հավակնում այդ պաշտոնին»,– նշեց նախկին նախարարը։
Հարցին` արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներ եղել են ԲԴԽ նախագահ դառնալու թեմայով, նա պատասխանեց` նման հարցի կարիք չի եղել, և վստահեցրեց` վարչապետի մոտ անգամ նման հետաքրքրություն չկա։
Անդրեասյանը մտահոգություններ չունի, որ ԲԴԽ նախագահի պաշտոնում ընտրվելու պարագայում ներկայիս իշխանությունները իր վրա կարող են ճնշումներ գործադրել։
«Շատ հանգիստ ու խաղաղ եմ, չեմ մտահոգվում, որ գոնե այսօրվա իշխանությունը ինձ վրա ճնշումներ կկիրառի, եթե աշխարհում որևէ աշխարհացունց մի բան չլինի, ինչի արդյունքում նույն մարդիկ 180 աստիճանով այլ մարդ դառնան։ Որքանով ես եմ ճանաչում, մտահոգվելու բան չունեմ»,– ասաց Անդրեասյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին ՀՀ արդարադատության նախկին նախարար Կարեն Ադրեասյանն ու փոխնախարար Երանուհի Թումանյանցը 67 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամներ։
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Երանուհի Թումանյանցն ազատվել էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը 2022 թվականի հոկտեմբերի 5-ից հետ էր կանչվել ամենամյա արձակուրդից:
Ավելի ուշ Կարեն Անդրեասյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնեց իր պաշտոնավարման ավարտի մասին։