ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կանցկացվի Սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների աշխարհի առաջնությունը, որի ֆինանսավորման որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։
Երևանը հոկտեմբերի 13-16-ը կհյուրընկալի ավելի քան 650 մարզիկ-մարզուհու 40 երկրներից: Առաջնության հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի14-ին` ժամը 17-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնության անցկացման համար կհատկացվի 295 մլն դրամ (մոտ 725.000 դոլար) այլ ծրագրերի հաշվին, որտեղ ֆինանսավորումը կրճատվել է մասնակիցների բացակայության պատճառով։
Սամբոյի միջազգային ֆեդերացիան առաջարկել է առաջնությունն անցկացնել Հայաստանում՝ հաշվի առնելով հայ մարզիկների զգալի հաջողությունները։
Մասնավորապես, 2021 թվականին Դավիթ Հովսեփյանը հաղթել է երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, ինը հայ մարզիկներ աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճել են մրցանակային տեղեր, իսկ Մեսրոպ Նիկոյանը չեմպիոն է դարձել։ Անցած առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրին նաև Հայաստանի մեծահասակների հավաքականի անդամները։