Երևանում 41–ամյա կնոջը սպանել է ամուսինը. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Սպանության վայրում
Իրավապահները տեղեկություն են ստացել, որ կնոջը սպանած ամուսինը թաքնվում է Արաքս գյուղի առանձնատներից մեկում։ Երբ գնացել են նրան ձերբակալելու, տղամարդը նռնակ է պայթեցրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի Նուբարաշեն փողոցում գտնվող բնակարանում 41–ամյա կնոջը սպանել է նրա 37–ամյա ամուսինը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի Նուբարաշեն 6-րդ փողոցի բնակարաններից մեկում այսօր առավոտյան կնոջ դի է հայտնաբերվել։
Ըստ հաղորդագրության` հոկտեմբերի 6-ին` ժամը 6.50-ին, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգած քաղաքացին խնդրել է, որ Նուբարաշենի 6-րդ փողոց շտապ ոստիկան մոտենա, հնարավոր է մի տղամարդ տանը բռնություն կիրառի կնոջ նկատմամբ: Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է կնոջ դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքի հետքերով:
Իրավապահները տեղեկություն են ստացել, որ կնոջը սպանած ամուսինը թաքնվում է Արմավիրի մարզի Արաքս գյուղի առանձնատներից մեկում: Ժամը 10.40-ի սահմաններում իրավապահները ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների հետ հասել են առանձնատուն` նրան ձերբակալելու: Տղամարդը, սակայն, սպառնացել է պայթեցնել իր մոտ եղած նռնակը: Բանակցություններն արդյունք չեն տվել, և տղամարդը պայթեցրել է նռնակը: Բարեբախտաբար, պայթյունից ոչ ոք չի տուժել, և ոստիկանները ձերբակալել են 37-ամյա տղամարդուն:
Կատարվում է նախաքննություն:
Փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։