ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Չարենցավան խոշորացված համայնքում կադրային փոփոխություններ կլինեն։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Չարենցավան խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ի ընտրության արդյունքներով դարձյալ քաղաքապետ է ընտրվել «Միասնական համայնք» դաշինքի ցուցակը գլխավորած Հակոբ Շահգալդյանը։
Նորընտիր քաղաքապետն օրաթերթին հայտնել է, որ աշխատանքից ազատելու է փոխքաղաքապետ Հարություն Ղազանչյանին, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է: Նրա փոխարեն փոխքաղաքապետ է նշանակելու իր գլխավորած «Միասնական համայնք» դաշինքի ցուցակով ավագանու անդամ դարձած Սևակ Վարդանյանին։ Վերջինս դաշինքի մաս կազմող ՀԺԱՄ կուսակցության անդամ է, գործարար։
ՏԻՄ-երի մասին նոր օրենքով՝ համայնքներում քաղաքապետը պետք է ունենա 2 տեղակալ, ուստի Շահգալդյանը պետք է ևս մեկ տեղակալ նշանակի, բայց այդ հարցում հստակ որոշում դեռ չի կայացվել։
Հիշեցնենք, որ Հակոբ Շահգալդյանն արդեն 4-րդ անգամ է քաղաքապետ ընտրվում։
Նոյեմբերի 10-ին կկայանա նորընտիր ավագանու առաջին նիստն ու օրենքի ուժով քաղաքապետ ընտրված Հակոբ Շահգալդյանի երդմնակալության արարողությունը։