ԱԺ-ն արտահերթ նիստ կանցկացնի. պատգամավորներն ընտրելու են ԲԴԽ նոր անդամներին

Ազգային ժողով
Թերթերն անդրադարձել են ԲԴԽ նոր անդամների թեկնածուներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովն այսօր` ժամը 12:00-ին, արտահերթ նիստ կգումարի, որպեսզի ընտրի Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամներին։ Տեղեկությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
Թեկնածուները երկուսն են՝ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանն ու նախկին փոխնախարար Երանուհի Թումանյանցը:
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում անդրադարձել է ԲԴԽ նոր անդամների թեկնածուներին։
«Փոխնախարար Թումանյանցի կենսագրության մեջ թաքնված կետեր կան, որոնք անհամատեղելի են դատավորի կարգավիճակի հետ: Բանն այն է, որ նրա աշխատանքային ստաժը չի բավարարում իրավաբան-գիտնականի քվոտայով ԲԴԽ անդամ դատավոր դառնալու համար»,- գրում է թերթը։
Պարբերականը նշել է, որ նա աշխատել է ՄԻՊ-ում 2006-2016թթ. որպես ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանի քարտուղարուհի, իսկ քարտուղարուհու աշխատանքը մասնագիտական ստաժ չի կարող համարվել: Փոխնախարարի մասնագիտական գործունեությունը պետք է հաշվարկել միայն 2008 թվականից:
«Հրապարակ» օրաթերթն էլ անդրադարձել է ԲԴԽ անդամի թափուր տեղի հավակնորդ Կարեն Անդրեասյանին։
««Էյ Էմ»` AM փաստաբանական ընկերության 40 տոկոսը պատկանում է Անդրեասյանի ընտանիքին։ Մյուս 60 տոկոսը ՝ Անդրեասյանի մտերիմ ընկեր, ներկայումս նրա տեղակալ Գրիգոր Մինասյանին։ Արդյունքում ստացվում է հետևյալ իրավիճակը` ԲԴԽ նախագահի ընտանիքն ունի փաստաբանական գրասենյակ, և հետագայում դատարաններում այդ փաստաբանական ընկերության ցանկացած հաղթանակից հետո մյուս կողմը կարող է ասել, որ տանուլ է տվել, քանի որ կողմը ներկայացրել է ԲԴԽ նախագահի փաստաբանական գրասենյակը, և խախտվել է հավասար քննության իրավունքը»-, գրում է թերթը։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Երանուհի Թումանյանցն ազատվել էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին 2022 թվականի հոկտեմբերի 5-ից հետ էր կանչվել ամենամյա արձակուրդից:
Ավելի ուշ Կարեն Անդրեասյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնել էր իր պաշտոնավարման ավարտի մասին։