ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։ Տեղեկությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
Հանդիպմանը անդրադարձ է եղել ադրբեջանական կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը, դրա հետևանքներին:
«Շեշտվել է ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման հարցում միջազգային գործընկերների աջակցության անհրաժեշտությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման օրակարգերը, առաջիկայում շվեյցարացի խորհրդարանականների պատվիրակների այցին առնչվող մանրամասներ:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։