ՌԱԴԻՈ

Ադրբեջանի և Իրանի զորավարժությունները նախևառաջ միտված են իրանական սահմանի անվտանգությանը

Իրանագետ Ժաննա Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի և Իրանի համատեղ զորավարժությունների թեմային։
Sputnik
Հաշվի առնելով Իրանի մտահոգություններն Ադրբեջանի հետ սահմանի այն կողմում գտնվող իսրայելական ներկայության հետ, լիովին տրամաբանական են այդ սահմանի անվտանգությանն ուղղված Թեհրանի գործողությունները, այդ թվում՝ համատեղ զորավարժություններն Ադրբեջանի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին և ԱՀ պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հոկտեմբերի 3–ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ողջունել են ընդհանուր սահմանի երկայնքով համատեղ զորավարժություն անցկացնելու գաղափարը։
Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային զորավարժությունները՝ լուսանկարներով
«Ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարը միշտ քննարկվել է Իրանի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների միջև, դա նորություն չէ։ Ավելին` մի քանի տարի առաջ երկու երկրների ռազմական համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողով է ստեղծվել։ Քանի որ Իրանն ու Ադրբեջանը Կասպից ծովի ավազանի երկրներ են, նրանք նաև այդ համատեքստում ունեն որոշակի համագործակցություն, հաճախակի կարելի է տեսնել ռազմանավերի փոխայցելություններ միջազգային բանակային խաղերի շրջանակում»,– նշեց իրանագետը։
Նրա դիտարկմամբ` զորավարժությունները միտված են Իրանի շահերը պաշտպանելուն, նպատակ ունեն նպաստել այդ երկրի սահմանային անվտանգության ապահովմանը, առավել ևս, որ ադրբեջանաիրանական սահմանին բազմիցս առաջանում են տարաբնույթ խնդիրներ, մասնավորապես՝ մաքսանենգների ապօրինի գործողությունների առնչությամբ։ Նախկինում գրանցվել են նաև փոխհրաձգություններ, որոնց արդյունքում զոհվել են իրանցի սահմանապահներ, ինչը որոշակի լարվածություն է առաջացրել երկկողմ հարաբերություններում։

«Իրանն այս օրերին հարվածներ է հասցնում Իրաքում տեղակայված քրդական զինյալ խմբավորումների դիրքերին, որոնք փորձում են ներթափանցել Իրան և տեղում իրականացնել որոշակի գործողություններ, հետևաբար սահմանային անվտանգության խնդիրը պաշտոնական Թեհրանի համար առաջնային է` լինի Ադրբեջանի, թե մեկ այլ հարևանի պարագայում»,– ասաց Վարդանյանը։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետին, որ Հայաստանը պետք է վերանայի իր անվտանգության ճարտարապետությունն ու զորավարժություններ նախաձեռնի Իրանի հետ, Վարդանյանն ընդգծեց, որ Իրանի հետ ռազմական համագործակցության մասին բազմիցս խոսվել է` մատնանշելով դրա կարևորությունը, հետևաբար հայ–իրանական համատեղ զորավարժությունները բավականին մեծ ուղերձ կպարունակեն` ուղղված Ադրբեջանին և Թուրքիային։
Մեր զրուցակիցը հայտնեց, որ այդպիսի զորավարժություններ անցկացնելու գաղափարի մասին պարբերաբար նշում են մասնավորապես իրանական լրատվամիջոցները, նույնիսկ առաջարկում, որ դրանք լինեն եռակողմ` նաև Ռուսաստանի մասնակցությամբ։ Իրանական դաշտում հարցը քննարկվում է, իսկ թե այդ ուղղությամբ ինչ է արվում Հայաստանում, տեսանելի չէ։
Վարդանյանի համոզմամբ` Իրանի հետ մեր ռազմական համագործակցությունը կարող է զարգանալ նաև սպառազինություն ձեռք բերելու տեսքով, ընդ որում` նախապատվությունը պետք է տալ ԱԹՍ–ների և ՀՕՊ համակարգերի գնմանը։ Կարելի է նաև համագործակցել անօդաչուների համատեղ արտադրություն ձեռնարկելու ուղղությամբ, առավել ևս, որ Իրանը մեծ փորձ ունի նաև արտասահմանյան երկրների զինատեսակներ կրկնօրինակելու գործում։