ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը հանրային քվեարկության արդյունքում ճանաչվել է Նիդեռլանդների տարվա լավագույն ցուցադրությունը և ստացել առաջին մրցանակ, տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ–ն։
Նշվում է, որ ցուցահանդեսը բացվել էր 2022 թ. մայիսի 10-ին Նիդեռլանդների Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում ՀՀ և Նիդեռլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում:
«Մրցանակաբաշխությանը ներկայացված էին նաև Նիդեռլանդների պետական թանգարանում (RijksMuseum), Հաագայի Արվեստի թանգարանում (KunstMuseum) և մի շարք այլ հեղինակավոր թանգարաններում այս տարի անցկացվող ցուցահանդեսներ։ Հայկական ցուցահանդեսը մասնագիտական ժյուրիի կողմից ընտրվել է լավագույն տասնյակի մեջ, ապա ստացել է հանրային քվեարկության ձայների 40%-ը, ինչն աննախադեպ է մրցանակաբաշխության պատմության մեջ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից 160 արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ քարեդարյան հնագույն շրջանից մինչև քրիստոնեության ընդունման ժամանակահատվածին պատկանող տարբեր առարկաներ՝ զենքեր, զարդեր, կոթողներ։
Ներկայացվել են նաև Քարաշամբի հնավայրից գտնված եզակի ծիսական արծաթյա գավաթը, Արտաշես 1-ին արքայի արամերեն արձանագրությամբ սահմանաքարերից մեկը, Տիգրան Մեծի դրամներից, ինչպես նաև թանգարանի հավաքածուից 17-րդ դարում Ամստերդամում տպագրված Աստվածաշունչը՝ որպես հայ-հոլանդական մշակութային կապերի խորհրդանիշ։
Ցուցահանդեսին ներկայացված է նաև Նոյան Տապանի մասունքը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից։
Ցուցահանդեսը գործելու է մինչև հոկտեմբերի 30-ը։