ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում:
Տեղեկությունը հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Հոկտեմբերի 5-ի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր»,– գրել է նա:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197-ը զինծառայող, 4 քաղաքացիական անձ։
Վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 17 գերիների։