ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Եթե պետությունը ցանկանում է կայանալ, պետք է նախ դպրոցը կայացնի և ուժեղացնի դպրոցի հենասյունը հանդիսացող ուսուցչին, այս մասին նշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ուսուցչի օրվա առթիվ շնորհավորական ուղերձում։
«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ և շնորհավորում եմ բոլորիս Ուսուցչի օրվա առիթով: Այս տարի ձեր մասնագիտական օրըդիմավորում ենք ուսուցչի աշխատանքի նկատմամբ պետական նոր վերաբերմունքի արձանագրված իրողությամբ:
Ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր համակարգը, տարակարգի համակարգի բարեփոխումները մի բանի մասին են վկայում միայն, որ կառավարությունը ոչ միայն շնորհավորական ուղերձներով, այլև կոնկրետ գործով է ճանաչում ուսուցչի աշխատանքի անկյունաքարային բնույթը:
Եթե պետությունը ցանկանում է կայանալ, պետք է նախ դպրոցը կայացնի և ուժեղացնի դպրոցի հենասյունը հանդիսացող ուսուցչին, և մենք դա ենք անում: Ինչպես կառավարության վերջին նիստերից մեկում ասացի՝ ուսուցչի աշխատանքը պետք է դառնա ամենաբարձր վճարվողներից՝ առնվազն պետական համակարգում: Եվ ուսուցիչ՝ պիտի նշանակի ոչ միայն բարձր աշխատավարձ ստացող, այլև բարձր որակավորում ունեցող»,-հայտարարել է վարչապետը:
Ուղերձում նշվում է, որ ուսուցչի աշխատավարձի բարձրացման նոր համակարգը պետք է շարունակաբար ու պարբերաբար գործի հնգամյա շրջափուլերով, և երկրորդ շրջափուլից արդեն, ուսուցչի՝ դրույքով ու տարակարգով ապահովված աշխատավարձը պիտի հասնի նախարարական մակարդակի աշխատավարձի:
«Եվ սա ձեզ համար չենք անում, սա անում ենք պետության համար, ապագայի համար, որովհետև մեծ հաշվով դուք և ձեր աշխատանքն է որոշում՝ քանի՞ գիտնական դուրս կգա դպրոցից, քանի՞ բժիշկ, քանի՞ հետախույզ, քանի՞ զինվորական, քանի՞ շինարար, քանի՞ արվեստագետ և ինչպիսի հոգևոր ու արժեքային կապով կապված կլինեն նրանք իրենց մասնագիտության և իրենց պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ»,-շեշտել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտել է, որ պետք է առանձնահատուկ հոգ տանել գյուղական բնակավայրերի ուսուցիչների համար: