ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական բուհերի«Կրթությունը Ռուսաստանում. Երևան - 2022» երկօրյա կրթական ցուցահանդեսը կբացվի հոկտեմբերի 6-ին` ՀՀ ԳԱԱ հարթակում: Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնեց Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
Վաղը մեզ մեծ իրադարձություն է սպասվում. առաջին անգամ ոչ ֆորմալ, ստեղծագործ և մասշտաբային կերպով ենք մոտեցել ռուսական բուհերի տոնավաճառի կազմակերպմանը։ Մեծ թվով հայտեր կային` մոտ 40 ռուսական բուհեր ցանկանում էին գալ, բայց, ցավոք, ընթացիկ իրավիճակի պատճառով, ոմանք հետ հանձնեցին տոմսերը: Սակայն, այնուամենայնիվ, մնացել են լավագույնները», - նշեց Երևանում Ռուսական տան ղեկավարը։
Ռուսական յուրաքանչյուր բուհ ցուցահանդեսում կունենա իր հարթակը, տաղավարը: Այցելուները կկարողանան ստանալ ուսուցմանը, հանրակացարաններում բնակվելուն, մասնաշենքների վիճակին վերաբերող և այլ հարցերի պատասխանները:
Իր հերթին Երևանում Ռուսական տան կրթական ծրագրերի համակարգող Տատյանա Դրոնսկայան նշեց, որ ցուցահանդեսից բացի, Երևանում Ռուսական տունը տվել է ամենամյա կրթական ծրագրի մեկնարկը, որի շրջանակներում Հայաստանի քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և երկրի տարածքում մշտապես բնակվող ռուսաստանցի հայրենակիցները հնարավորություն են ստանում անվճար ընդունվել ռուսական բուհեր:
«Այս տարի Հայաստանին 250 քվոտա է հատկացվել, այսինքն՝ ընտրություն անցած 250 մարդ կգնա ՌԴ բուհերում սովորելու: Մենք ունենք կրթության մի քանի մակարդակ, որոնց կարելի է հավակնել` բակալավրիատ, մագիստրատուրա, մասնագիտացում (5 տարի ուսուցում)։ Դուք նաև կարող եք հավակնել վերապատրաստման քվոտաների շրջանակներում ասպիրանտուրայում (տարբեր մասնագիտությունների), օրդինատուրայում (բժիշկների համար) սովորելու: Կա նաև կրթության այնպիսի մակարդակ, որը կոչվում է ասիստենտուրա-ստաժավորում` ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչների համար»,-նշեց Դրոնսկայան:
Նրա խոսքով` ռուսագետ-դասախոսների շրջանում շատերն են ցանկանում կարճաժամկետ և երկարաժամկետ ստաժավորման մեկնել Ռուսաստան: Հայաստանի քաղաքացիների շրջանում, ովքեր ցանկանում են սովորել Ռուսաստանի բուհերում, առավել մեծ ժողովրդականություն են վայելում այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են բժշկությունը, տնտեսությունը, իրավագիտությունը, ապա շատ պահանջված մասնագիտություններն են` ՏՏ տեխնոլոգիաներ, մաթեմատիկա, բանասիրություն և լեզվաբանություն, ինչպես նաև ստեղծագործական մասնագիտությունները` կինո, թատրոն, կերպարվեստ, երաժշտություն:
«Քանի որ մեր երկրների միջև շատ վաղեմի, սերտ մշակութային կապեր կան, դրանք փոխադարձ փոխանակման շատ վաղեմի ավանդույթներ են, այդ թվում կրթության ոլորտում` ռուս և հայ ուսանողների միջև»,-ընդգծեց Տատյանա Դրոնսկայան:
Ինչ վերաբերում է 2023-2024 ուսումնականտարվա համար ռուսական բուհեր ընդունվելու ընթացակարգին, ապա դրա համար նախ անհրաժեշտ է գրանցվել education-in-russia.com տեղեկատվական համակարգում, լրացնել հայտը (նշել 6 բուհ և մասնագիտություն), հայտին կցել փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները և ուղարկել դիտարկման:
Տեղեկատվությանը կարելի է հետևել սոցցանցերում Երևանի Ռուսական տան պաշտոնական էջերում, որտեղ հրապարակվելու են հայտարարություններն ու նորությունները: Ընտրության հաջորդ փուլը առցանց փորձությունն է, որից հետո ընտրված մասնակիցների 250 հայտերը կքննարկի ՌԴ կրթության նախարարությունը և կբաշխի ռուսական բուհերում սովորել ցանկացողներին: Որպես կանոն, նախարարությունը հաշվի է առնում այս կամ այն բուհում սովորելու հայցորդների ցանկությունը: