Ռելոկանտների էֆեկտը. ՌԴ–ից ՀՀ փոխանցումները հունվար-օգոստոսին գրեթե կրկնակի ավելացել են

Ռուբլի և դրամ
Առաջին ութ ամսում Ռուսաստանից Հայաստան փոխանցումներն արդեն գերազանցել են միլիարդ դոլարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանից դրամական փոխանցումները 2022 թվականի հունվար-օգոստոսին աճել են գրեթե երկու անգամ։ Այդ մասին են վկայում Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալները։
2022թ.-ի առաջին 8 ամսվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները կազմել են մոտ 1 մլրդ 902 մլն դոլար, երբ 2021-ի նույն ժամանակահատվածում ցուցանիշը մոտ 549 մլն դոլար էր եղել։
Ռուսաստանից Հայաստան փոխանցվող դրամական հոսքերը հատել են բոլոր ռեկորդները
Փոխանցումների ծավալը հատկապես աճել է 2022թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին, երբ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով սկսվեց ռուսաստանցիների զանգվածային ներհոսքը։ Նրանց մի մասն իրենց ռուսական բանկային հաշիվներից միջոցներ են փոխանցում նոր վայրում անհրաժեշտ ծախսերը կատարելու համար։ Բացի այդ, նրանք ոչ միայն անձնական, այլև առևտրային բնույթի փոխանցումներ են կատարում մեծ ծավալներով։
Այսպիսով` եթե 2021թ.-ի հուլիսին Ռուսաստանից փոխանցվել է մոտ 88 մլն դոլար, ապա 2022թ.-ի հուլիսին՝ արդեն մոտ 443 մլն դոլար: Օգոստոսին այդ թիվը փոքր-ինչ պակաս է ՝ 327 մլն դոլար, բայց, միևնույնն է, գրեթե 4 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Հակառակ ուղղությամբ (Հայաստանից Ռուսաստան) փոխանցումները մոտավորապես նույն մակարդակում են մնացել՝ ամսական մոտ 20-30 մլն դոլար` չհաշված մարտին գրանցված աճը, երբ այդ ծավալը գերազանցել էր 60 մլն դոլարը: ԱՄՆ-ից արված փոխանցումների ծավալը նույն ժամանակահատվածում նույնպես աճել է մոտ 19 տոկոսով` 365 միլիոնից հասնելով 434 միլիոն դոլարի: Ընդ որում` արտահոսքի ծավալն աճել է մոտավորապես 40 տոկոսով` 124-ից հասնելով 174 մլն դոլարի: Դա կապված է հետհամավարակային շրջանում առցանց առևտրի ծավալների վերականգնման հետ։
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանում ռուս ռելոկանտների զորահավաքի մասին տեղեկությունը