Փորձում է իր ճակատից մաքրել դավաճանի խարանը. Աշոտյանը` Փաշինյանի հայտարարության մասին

ՀՀԿ փոխնախագահը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետի` ԱԺ–ում արած հայտարարությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահ է` եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային թուղթը համարում է կապիտուլյացիա, ապա այն,ինչ ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին և պատրաստվում է հիմա` իր մահավճիռն է։ Նման հայտարարություն Աշոտյանն արեց Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Հայտնել ենք, որ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սեղանին է թողել կապիտուլյացիայի թուղթը և հեռացել։
«Հայաստանի այսօրվա ղեկավարությունն ունիկալ է։ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար, բայց ապարդյուն փորձում է իր ճակատից մաքրել դավաճանի և կապիտուլյանտի խարանը։ Դրա համար շատ հաճախ նա դիմում է սյուրռեալիստական ոճերին և ձևերին։ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն ինքն անձամբ է ընթերցել 2020 թվականի հունվարին` Կապանում իր հերթական ասուլիսի ժամանակ»,– նշեց Աշոտյանը։
Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը ներառում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և երաշխավորման մեխանիզմ, այն է` առանց սահմանափակումների և իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեի անցկացում, Արցախի միջանկյալ կարգավիճակ` միջազգային կառույցներում ներառվելու հնարավորությամբ և Քարվաճառի ու Բերձորի շրջանների պահպանմամբ, իսկ այդ ամենի դիմաց պետք էր վերադարձնել 5 շրջան։
Աշոտյանը շեշտեց, որ խոսքը 2007 թվականին ի հայտ եկած Մադրիդյան սկզբունքների մասին է, որոնք հիմք են դարձել Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և երաշխավորման մեխանիզմների մշակման համար։
«Եթե սա այդ հիվանդագին երևակայության տեր անձնավորությունը համարում է կապիտուլյացիա, ապա այն,ինչ ինքը ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին և այն, ինչ պատրաստվում է ստորագրել հիմա` իր մահավճիռն է, ոչ թե կապիտուլյացիա։ Առնվազն այդքան մեծ է տարբերությունը մեր թողած փաստաթղթի հետ, որտեղ Արցախը ստանալու էր հայկական պետականություն դառնալու միջազգային երաշխիք` երաշխավորված Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի կողմից»,– ասաց ՀՀԿ փոխնախագահը։
Նրա խոսքով` Փաշինյանը ոչ միայն այդ պետականությունն ունենալու հնարավորությունն է սպանել, այլև հիմա սպանում է Հայաստանի Հանրապետությունը։
Աշոտյանը հիշեցրեց, թե Սերժ Սարգսյանի օրոք միջազգային ասպարեզում մի քանի կարևորագույն փաստաթղթերով ինչ է արվել։ Մասնավորապես ընդգծեց, որ 2009-2013 թվականներինԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բարձրաձայնված Մադրիդյան հիմնարար սկբունքներն ու տարրերն ամբողջությամբ պահպանում էին հայկական կողմի կարմիր գիծը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Հայաստանի համար առաջ գնալու որոշակի տարածք է բացվել. Փաշինյան
Աշոտյանը նաև մեղադրեց Փաշինյանին 2.5 տարվա ընթացքում 180 աստիճանով տեսակետները փոխելու և «սեփական կաշին փրկելու համար փաստաթղթերը նենգափոխելու մեջ»։
Նկատառմանը, թե Փաշինյանն այսօր ևս մեկ անգամ վերահաստատեց, որ որդեգրում են խաղաղության օրակարգ և գնալու են այդ ճանապարհով, Աշոտյանը պատասխանեց`իրենք քանիցս արձագանքել են, որ Փաշինյանի բարձրաձայնած խաղաղության օրակարգը ֆիասկո է ապրել Ադրբեջանի հետևողական ագրեսիվ գործողությունների, շարունակվող ռազմական գործողությունների, հոխորտանքների պարագայում։
«Ընդամենը 3 շաբաթ առաջ մենք խաղաղության կեղծ օրակարգի զոհասեղանին դրեցինք հերթական մի քանի հարյուր զոհերին, երբ Ալիևն ու Էրդողանը շարունակում են սեղմել Հայաստանի շուրջ ոչ միայն ռազմական, այլև գոյաբանական հարաբերություններում օղակը։ Խաղաղությունն այն ելքն է, որի տակ ինքը պատրաստվում է հանձնել Հայաստանը»,– եզրափակեց Աշոտյանը։
Հիշեցնենք` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցային այն թուղթը, որը սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, կապիտուլյացիայի թուղթ է։
Նա նշեց, որ շատերը գործող իշխանությանը մեղադրում են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ, և թվարկեց, թե ովքեր են նախկինում ԼՂ–ն ճանաչել Ադրբեջանի կազմում։
ԼՂ–ն Ադրբեջանի մաս ճանաչելը, Փաշինյանի ներկայացմամբ, եղել է իշխանություն ստանձնելու նախապայման: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն էլ են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս։ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս և 1998–ին որպես իշխանությունը ստանձնելու նախապայման` Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից
Ըստ Փաշինյանի` ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օրոք է ԼՂ–ն Ադրբեջանի կազմում ճանաչվել, քանի որ այն պահին, երբ ՀՀ–ն ընդունել է Մադրիդյան սկզբունքները, ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Բացի այդ, վարչապետը նշեց, որ Օսկանյանը հրապարակային Հայաստանը ճանաչել է «օկուպանտ»: