Փաշինյանը հաստատեց` Պրահայում կհանդիպի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ

Նիկոլ Փաշինյան
ՆԻկոլ Փաշինյանը հայտարարեց` Պրահայում քառակողմ հանդիպում է սպասվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց` վաղը Պրահայում կհանդիպի Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ։ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց այդ մասին։

«Ես մեկնում եմ Պրահա և քառակողմ հանդիպում եմ ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,–ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը Պրահայում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Նրա խոսքով` հանդիպումները խաղաղության օրակարգի քննարկումների մեջ են տեղավորվում։ Փաշինյանը հավելեց, որ Պրահայից կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Հիշեցնենք` թուրքական «Milliyet» պարբերականն այսօր հայտնել էր, որ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 6-ին` Երևանի ժամանակով 20։00-ին։
Սա երկրների ղեկավարների առաջին հանդիպումը կլինի հարաբերությունների կարգավորման գործընթացի սկզբից ի վեր։