ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի–Sputnik. «ՕՊԵԿ +»-ը որոշել է այս տարվա նոյեմբերից կտրուկ կրճատել նավթի արդյունահանումը։ Մանրամասները բացահայտվել են կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Երկրները պետք է նվազեցնեն արտադրությունը օրական 2 մլն բարելով (օգոստոսին հաստատված քվոտաներից)։
Bloomberg գործակալության հաշվարկների համաձայն՝ իրական կրճատումը կկազմի օրական մոտավորապես 900 հազար բարել: «ՕՊԵԿ+»-ի հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նավթի արդյունահանման ծավալների մասին գործարքը կերկարաձգվի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:
Նավթի արտադրությունը կրճատելու որոշման մասին տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նա նշել է, որ այդ քայլն անհրաժեշտ է համաշխարհային շուկայում իրավիճակի կայունացման համար՝ պահանջարկի սեզոնային նվազումից առաջ:
Ավելի վաղ Bloomberg-ը գրել էր, որ կազմակերպության որոշ անդամներ արդեն արդյունահանում նավթը նորմայից շատ ավելի քիչ ու կկարողանան առանց արտադրության սահմանափակման տեղավորվել նոր սահմանաչափի մեջ: «Ինտերֆաքսը» հայտնել էր, որ ելնելով ընդունված որոշումից՝ Սաուդյան Արաբիայի ու Ռուսաստանի համար օրական արդյունահանման քվոտան նվազում է մինչև 10,5 մլն բարել։
Գործարքի մասին նորությունների հայտնվելուց հետո, Forbes-ի տվյալներով, Brent նավթի արժեքն այսօր սակարկությունների ընթացքում բարձրացել է մինչև 93,2 դոլար (+1,5 տոկոս): Ավելի ուշ գրեթե ամբողջ աճը չեզոքացվել է. Մոսկվայի ժամանակով ժամը 17:30-ի տվյալներով՝ Brent-ի մատակարարումների դեկտեմբերյան պայմանագրերն ավելացրել էին ընդամենը 0,15 տոկոսով ու 91,94 դոլար արժեին: