Ջերմուկի բնակչության մի մասը վերադարձել է. փոխքաղաքապետը մանրամասներ է հայտնում

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքները
Քաղաքում արդեն կան գործող հյուրանոցներ և առողջարաններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ջերմուկ քաղաքի բնակչության մի մասը վերադարձել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը։
«Ենթակառուցվածքները, սպասարկող կազմակերպություններն օրեցօր ակտիվանում են, մարդիկ էլ վերադառնում են. թվերով տեսանելի է բնակչության շարժը։ Կան արդեն գործող հյուրանոցներ և առողջարաններ, որոնք սկսել են կրկին հյուրեր ընդունել»,– նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով` միայն ճոպանուղին դեռևս չի գործում։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։