ՀՀ–ն աշխարհի համար որևէ շահ չի ներկայացնում. Աֆեյանը գիտի ագրեսիային դիմակայելու միջոցը

Նուբար Աֆեյան
Սփյուռքահայ գործարարը Երևանում ներկայացրեց ադրբեջանական ագրեսիային դիմակայելու իր առաջարկը և մեկնաբանեց աշխարհի պետությունների արձագանքը վերջին իրադարձություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ Սփյուռքը Հայաստանին օգնելու իր կարողությունների 1/1000 մասն է օգտագործում։ Լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց աշխարհահռչակ բիոտեխնոլոգ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը։
Պատճառը, ըստ նրա, Հայաստանից հասնող տեղեկատվության պակասն է։
«Հասկանալի է, որ հնարավոր չէ ամբողջովին բաց պատմել, թե ինչ է տեղի ունենում, բայց մյուս կողմից, եթե որևէ տեղեկություն չի լինում, հայերը տարբեր երկրներում կասկածի մեջ են ապրում։ Լոս Անջելեսում կամ Կալիֆոռնիայում նստած հայերն ասում են` հիմա մենք ինչ անենք, ինչով օգնենք։ Ու ոչ ոք հստակ չգիտի, թե ինչպես կարող է օգնել Հայաստանին։ Մենք մեզ հեռու ու հեռացած ենք զգում։ Այդ զգացումը շատ ցավալի է, և հարկավոր է գտնել այն միջոցը, ուժը, որ սփյուռքի ու Հայաստանի միջև կապերի հզորացումը դառնա ավելի կարևոր»,– ասաց Աֆեյանը` հավելելով, որ այս նպատակն այսօր Հայաստան–սփյուռք առաջնահերթությունների նույնիսկ առաջին տասնյակում չկա։
Նրա դիտարկմամբ` սփյուռքի ուժն այսօր ցանկալի չափով շոշափելի չէ, և մտավախություն կա, որ այն անարդյունավետ է։ Աֆեյանի խոսքով` խնդիրներից մեկը սփյուռքի` ընդհանուր գաղափարի շուրջ չհամախմբված լինելն է։ Մյուս կողմից ՀՀ իշխանությունը չի տալիս հստակ նպատակ, ծրագիր, որով սփյուռքը պետք է գործի արտերկրում։ Հայազգի գործարարի համոզմամբ` ամեն ինչ կփոխվի, եթե Հայաստանն ու սփյուռքը միավորվեն մեկ ընդհանուր գաղափարի, քաղաքականության շուրջ։
Աֆեյանը խոստովանեց, որ որպես ամերիկահայ շփվելով այդ երկրի իշխանությունների հետ Հայաստանի հարցով` մշտապես նկատել է, որ ԱՄՆ–ն Հայաստանին դիտարկում է որպես Ռուսաստանի անբաժանելի գործընկեր, ուստի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում սպասում էին, որ Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանին, բայց սպասելիքները չարդարացան, և ԱՄՆ–ի համար առիթ դարձավ, որպեսզի «զբաղվի» Հայաստանով։
Այս փոփոխությունը, Աֆեյանի գնահատմամբ, ԱՄՆ–ի հայ համայնքի համար նաև առիթ է դարձել Հայաստանի դեմ ագրեսիան օրակարգային հարց դարձնելու։
«Սփյուռքը 100 տարի է, ինչ լավ գիտի, թե ինչպես անել, որ մարդիկ զբաղվեն Ցեղասպանության ճանաչման խնդրով։ Հիմա փաստորեն նույն խնդրի մասին է խոսքը, և հարկավոր է կազմակերպչական նույն հնարավորությունները տրամադրել այս թեմային, քանի որ ներկա պահին մեզ սպառնում են նոր Ցեղասպանությամբ։ Այս մարդիկ նույն հրեշներն են, որոնք 100 տարի առաջ իմ պապին ու նրա եղբորը դատապարտել են մահվան»,– ասաց Աֆեյանը։
Հայազգի գործարարը նաև պատմեց, որ ՄԱԿ–ի վերջին համաժողովի ժամանակ Հայաստանին սպառնացող գոյութենական վտանգի մասին առիթ է ունեցել խոսելու Իսրայելի նախկին վարչապետի հետ։
«Ես իրենց շատ պարզ բան ասացի. «Դուք, որ ցեղասպանված ազգ եք, ինչպես եք ընդունում, որ ներկա պահին ձեր կառավարությունն օգնում է Ադրբեջանին»։ Ասում են` դա շատ ցավալի է, բայց շահեկան։ Ես էլ ասացի, որ այդ նույն շահերն էին, որ 70 տարի առաջ իրենց ցեղասպանության դատապարտեցին»,– ասաց Աֆեյանը` միաժամանակ ընդգծելով, որ աշխարհն այսօր հիմնված է շահերի վրա, Հայաստանը, ցավոք, աշխարհի համար որևէ շահ չի ներկայացնում։ Իսկ մարդասիրությունն այսօր ամբողջ աշխարհում, նրա բնորոշմամբ, որևէ արժեք չունի։
Իսկ թե ինչու են աշխարհում այսօր որոշ երկրներ, այնուամենայնիվ, ի պաշտպանություն Հայաստանի որոշ քայլեր ձեռնարկում, Աֆեյանը մեկնաբանում է երկու գործոնով` կա՛մ Հայաստանի հարցով նրանց մոտ ինչ–որ շահ է առաջացել, կա՛մ այդ երկրների ղեկավարների մեջ վախ է առաջացել, որ իրենց հասարակությունները կարող են պահանջել Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ միջոցներ ձեռնարկել։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։