ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանն առաջիկայում պատրաստվում է միանալ Առողջապահական համաշխարհային կազմակերպության արագ արձագանքման բժշկական թիմին։ Այս մասին Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Նա շեշտեց, որ ՀՀ–ն միանալու գործընթացը սկսել է 2022 թվականի սկզբին, և պատրաստվում են այն ավարտին հասցնել մեկ տարվա ընթացքում՝ կախված ԱՀԿ-ում ընթացող գործընթացներից:
Փոխնախարարը շեշտեց, որ Հայաստանը ոչ պաշտոնական այդպիսի թիմեր ունեցել է դեռևս կորոնավիրուսի համավարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ:
«Վերջին տարիներին տեղի ունեցած դեպքերից շնորհիվ մենք տեսանք, որ առողջապահական համակարգը ամբողջովին պատրաստ է դիմակայել այդ բոլոր խնդիրներին։ Երբ մենք ստեղծում ենք առանձին խմբեր, համապատասխանեցնում ենք դրանք ԱՀԿ-ի չափորոշիչներին, այնուհետև, նրանց կողմից գնահատվելով, կարող ենք գրանցվել որպես միջազգայնորեն և սերտիֆիկացված խումբ»,– նշեց նախարարի առաջին տեղակալը:
Նրա պնդմամբ` խումբը, բնականաբար, հետագայում ծառայելու է ոչ միայն երկրի ներսում տարբեր արհավիրքների դիմակայմանը, այլ նաև ուրիշ երկրներին արտակարգ իրավիճակներում օգնության հասնելուն:
Նանուշյանն ընդգծեց` համավարակի ժամանակ նման մի քանի խումբ ժամանել է Հայաստան, օգնել և իրենց գիտելիքով ու փորձով կիսվել հայ գործընկերների հետ: Արագ արձագանքման հայաստանյան թիմը ձևավորվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հենքի վրա։