ՀԱՊԿ–ի քայլերը ցույց կտան կազմակերպության ներկայությունն ու դերը տարածաշրջանում. Կոպիրկին

Սերգեյ Կոպիրկինը "Expo Russia Armenia 2022" ցուցահանդեսի բացմանը (5 հոկտեմբերի, 2022թ). Երևան
ՀՀ–ում ՌԴ դեսպանի խոսքով` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Փաշինյանին ներկայացրել է այն առաջարկությունները, որոնք կփոխանցվեն կազմակերպության երկրների ղեկավարներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ-ի գործողությունները ցույց կտան կազմակերպության ներկայությունն ու դերը տարածաշրջանում։ Այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` «Expo Russia–Armenia 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա հիշեցրեց, որ նախորդ շաբաթ Հայաստան էր եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Որքան ես գիտեմ, Զասը Փաշինյանին զեկուցել է այն առաջարկությունները, որոնք քարտուղարությունը, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը մտադիր է ձևակերպել կազմակերպության պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնելու համար: Կարծում եմ՝ խոսքը կոնկրետ քայլերի մասին է, որոնք պետք է գործնականում ցույց տան կազմակերպության ներկայությունն ու դերն այս տարածաշրջանում»,- ասաց Կոպիրկինը։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան էր ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված էին կազմակերպության առանձին մարմինների աշխատակիցներ հանդիսացող ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նրանք հանդիպել էին Հայաստանի ղեկավար կազմի հետ և այցելել հայ-ադրբեջանական սահման։
Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ընդունել էր սեպտեմբերի 29-ին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` Ստանիսլավ Զասը ՀՀ վարչապետին է ներկայացրել ՀԱՊԿ առաքելության աշխատանքի նախնական արդյունքները։