Հայաստանի ՄԻՊ-ն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են Սյունիքում տուժած ընտանիքներին

Հայաստանի ՄԻՊ-ն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են Սյունիքում տուժած ընտանիքներին
Քրիստինե Գրիգորյանն ու Անն Լույոն հանդիպել են հրետակոծության հետևանքով վնասված տների բնակիչներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն այսօր այցելել են Սյունիքի մարզ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Նրանք հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ ու զրուցել սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարզի բնակավայրերին հասցված վնասի մասին։ Մարզպետը ներկայացրել է ներկայիս իրավիճակը, նշել առաջնային հարցերը։
Սյունիք
Պաշտպանն ու դեսպանը մարզպետի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ այցելել են թիրախավորման հետևանքով տուժած ընտանիքներին։
Նրանք եղել են նաև Վերիշեն համայնքում, որտեղ հանդիպել են հրետակոծության և արկակոծության հետևանքով վնասված տների բնակիչներին և վիրավորում ստացած քաղաքացուն։ Վերջինս բեկորային վնասվածք է ստացել գյուղատնտեսական աշխատանք իրականացնելու ժամանակ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։