Դեռ վերլուծում ենք. Միրզոյանը հաստատեց` Ադրբեջանը նոր առաջարկներ է փոխանցել

Արարատ Միրզոյան. Արխիվային լուսանկար
Արարատ Միրզոյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկներին ի պատասխան հայկական կողմը նույնպես իր առաջարկները կանի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ առաջարկներ։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ժնևյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարել էր` ՀՀ–ին է փոխանցել խաղաղ պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ տարրերը։
«Իսկապես մեզ փոխանցել են նման փաստաթուղթ։ Ադրբեջանի` մարտի սկզբին մեզ փոխանցած 5 սկզբունքները հրապարակվել են, և ֆիքսել ենք, որ մեզ համար անընդունելի ոչինչ չկա։ Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները, ըստ էության, կառուցված են այդ սկզբունքների վրա։ Կան բաներ, որոնք դեռ վերլուծում ենք և կարձագանքեմք։ Կլինեն բաներ, որ ընդունելի չեն լինի մեզ համար, և հակառակը»,–ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` հայկական կողմը նույնպես իր առաջարկները կներկայացնի, այսինքն` նորմալ բանակցային գործընթաց է։
Նշենք, որ հոկտեմբերի 4–ին` ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Կողմերը կարծիքներ էին ներկայացրել հոկտեմբերի 2-ին Ժնևում կայացած հանդիպման վերաբերյալ:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Իսկ սեպտեմբերի 19–ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյու Յորքում տեղի ունեցավ Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը։
Հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը: Այն տեղի էր ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մայիսին էլ եռակողմ հանդիպում էին ունեցել Դուշանբեում` Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։