ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ Իրանական ցեմենտն այսուհետ Հայաստան կներկրվի 1 տոննայի դիմաց 2000 դրամ պետական տուրքով, իսկ ցեմենտի հումքը` կլինկերը` առանց տուրքի։
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավորներ Բաբկեն Թունյանի ու Հովիկ Աղազարյանի հեղինակած օրենսդրական նախագիծը, որով ցեմենտի ներկրման տուրքը գործող 14 000 դրամից դարձավ 2 հազար դրամ։
Նախագծի հեղինակները համոզված են, որ նոր կարգավորումը թույլ կտա հավասարակշռության բերել ցեմենտի շուկան. գները կնվազեն, դեֆիցիտը կլրացվի Իրանից ներկրված ցեմենտով, նախատեսված շինարարական աշխատանքները, մասնավորպես՝ պետական կապիտալ ծրագրերը, ցեմենտի շուկայում առաջացած խնդրից չեն տուժի։
Հիշեցնեք, որ ՀՀ ներկրվող ցեմենտի դիմաց տուրքը սահմանվել էր 2019թ–ին` տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով։ 2021 թվականի մայիսից նույն հիմնավորմամբ պետտուրք սահմանվեց նաև ցեմենտի հումքի` կլինկերի ներկրման համար` 1 տոննայի դիմաց 2 000 դրամ։
Այսօր, սակայն, իրանական ցեմենտի ինքնարժեքի ու ներկրման ճանապարհային ծախսերի ավելացման հետևանքով Իրանից Հայաստան ներկրվող ցեմենտի ծավալը ավելի քան կրկնակի նվազել է, տեղական արտադրանքն էլ չի բավարարում շուկայի պահանջարկը։