Բաքուն որոշակի լավատեսություն ունի Երևանի հետ խաղաղ գործընթացի հարցում. Ալիև

Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահը կարծում է, որ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը երկար ժամանակ չի խլի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Բաքուն որոշակի դրական տրամադրվածություն ունի Երևանի հետ խաղաղության գործընթացի հարցում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել էԱզգային քաղաքաշինության համաժողովի ժամանակ։
Միջոցառումը կազմակերպվել է այն տարածքում, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո անցել է ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ։

«Մենք որոշակի դրական տրամադրվածություն ունենք խաղաղության գործընթացի վերաբերյալ, քանի որ մի քանի օր առաջ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Դա խաղաղության պայմանագրի նախագծի նախապատրաստման օրակարգով նմանատիպ առաջին հանդիպումն է։ Մենք հույս ունենք, որ նախագծի նախապատրաստումը շատ ժամանակ չի խլի»,– ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահն ավելացրել է` Բաքվին ծանոթ է Երևանի այն մարտավարությունը, որը կիրառում է, երբ չի ցանկանում փոխզիջման գնալ։
«Եթե այն շարունակվի, ապա խաղաղություն չի լինի»,– զգուշացրել է Ադրբեջանի նախագահը` առանց հստակեցնելու, թե ինչ նկատի ունի «Երևանի մարտավարություն» ասելով։
Նա նաև հորդորել է ակտիվացնել սահմանազատման շուրջ աշխատանքները։
Կարո՞ղ է Ալիևը ներկայացնել մի քարտեզ, որով ճանաչում է ՀՀ տարածքը. Փաշինյանը` ՄԱԿ–ում
«Հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման գծով համապատասխան հանձնաժողովները առանց ժամանակ կորցնելու ակտիվ կսկսեն աշխատել երկու երկրների սահմանը որոշելու ուղղությամբ, որը փաստացի գոյություն չունի»,– ասաց նա։
Ալիևի կարծիքով` այդ աշխատանքը պետք է սկսվի պատմական փաստաթղթերի և քարտեզների, միջազգային փորձի և որոշ մեթոդների հիման վրա։ Ադրբեջանի նախագահը չի հստակեցրել, թե ինչ պատմական քարտեզների մասին է խոսքը։
1919-1920 թթ–ի քարտեզ գոյություն չունի. պատմաբանը` Ադրբեջանի առաջարկի մասին