Բանակցում ենք Վրաստանի, ԵՄ-ի հետ. Քերոբյանը` լաստանավային փոխադրման մասին

Վահան Քերոբյան
Քերոբյանի խոսքով` Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի գործարկվի լաստանավային հաղորդակցությունը, ինչը պետք է թեթևացնի Լարսի անցակետում առաջացող հերթերի խնդիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Փոթիի նավահանգստի տնօրինությունը փորձում է չընկնել պատժամիջոցների ազդեցության տակ, բավականին բարդ աշխատանք է տարվում։ Այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ «Global Investment Forum Global Innovation Forum 2022 Life Altering Technologies» ներդրումային համաժողովի շրջանակումպատասխանելով հարցին, թե ինչու է ուշանում լաստանավային հաղորդակցության գործարկումը, որը նախատեսվում էր դեռ օգոստոսին:
Երբ կգործի Փոթի-Կովկաս լաստանավային հաղորդակցությունը. էկոնոմիկայի նախարարության պատասխանը
«Այն մեխանիզմը, որը մեզ առաջարկվում էր Փոթիի նավահանգստի կողմից, թույլ չէր տալիս, որ մենք կարողանայինք կանոնավոր հաղորդակցություն ունենալ: Նավահանգիստն իրեն իրավունք էր վերապահում ցանկացած բեռ ցանկացած ժամանակով կանգնեցնել, ստուգել և այլն: Հիմա, այնուամենայնիվ, մեր բանակցություններն ընթանում են նրա վերաբերյալ, որ կարողանանք հստակ պլանավորված և ժամկետներով սահմանափակված գործընթացներ ունենալ, որպեսզի իմանանք, որ բեռի տվյալները ստանալուց հետո նավահանգիստը շատ կարճ ու հայտնի ժամանակում կթողնի կամ չի թողնի: Չթողնելու դեպքում էլ իմանանք, թե ինչ պատճառով»,-ասաց Քերոբյանը:
Նախարարի խոսքով՝ մոտենում է ձմեռը, և հայկական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի հարցը լուծվի մինչև վատ եղանակի վրա հասնելը։
Հայաստանը բանակցությունները շարունակում է Փոթիի նավահանգստի, Վրաստանի կառավարության, ԵՄ-ի, Փոթիի նավահանգստի մայր ընկերության հետ:
Ինչպես նշեց Քերոբյանը, արդեն եղել են հանդիպումներ ԵՄ ներկայացուցիչների հետ, և ինքը բանակցություններ է վարել վրացի գործընկերոջ հետ։
Հիշեցնենք, որ վրացական Փոթի նավահանգստի և ռուսական Կովկաս նավահանգստի միջև լաստանավային հաղորդակցությունը պետք է մեկնարկեր հունիսի 15-ից։ Օգոստոսի 11-ին Վահան Քերոբյանը հայտնեց, որ այն կգործի առաջիկայում։
Փոթիի նավահանգիստը կառավարում է հոլանդական «APM Terminals»-ի դուստր ձեռնարկությունը, որը պետք է թույլտվություն տա, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել։