ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Երանուհի Թումանյանցն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Երանուհի Թումանյանցին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշումով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին 2022 թվականի հոկտեմբերի 5-ից հետ է կանչվել ամենամյա արձակուրդից:
Հիշեցնենք, որ Երանուհի Թումանյանցը 2021 թվականի սեպտեմբերի 30–ին էր նշանակվել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին հայտնի դարձավ` Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները որպես դատավոր դադարեցվում են էական կարգապահական խախտման հիմքով։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն էլ հուլիսի 1-ին հրաժարական ներկայացրեց։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը սեպտեմբերի 26–ին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցին առաջադրեց որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։