ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը դրական է գնահատում ՀԱԷԿ–ի ծառայության ժամկետը երկարացնելու աշխատանքները

Գրոսին նշել է, որ Մեծամորի ատոմակայանի գործողության ժամկետը կարող է երկարացվել, բայց ոչ անվերջ։ Ուստի Հայաստանի իշխանությունների հետ արդեն քննարկվում են նոր կայանի տարբերակները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին ԵՊՀ–ում ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ նշել է, որ դրական է գնահատում ԱԷԿ–ի ծառայության ժամկետը երկարացնելու աշխատանքը:
«Կարծում եմ ՝ բավարար աշխատանք է կատարվել։ Մենք բավական լավ ենք համագործակցում հայկական կողմի հետ, իսկ ԱԷԿ–ի շահագործման երկարաձգման հնարավորությունները կախված կլինեն այդ աշխատանքի շարունակությունից։ Բայց այն աշխատանքը, որը ես տեսա, դրական է տրամադրում»,–հայտարարել է Գրոսին։
Նրա խոսքով` միաժամանակ պետք է հասկանալ, որ հնարավոր չէ անվերջ երկարացնել ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետը։ Գրոսին նշել է` եթե ենթադրեն, որ կայանի շահագործման ժամկետը կերկարաձգվի 10-15 տարով, ապա,պետական պլանավորման չափանիշներով, դա գործնականում արդեն իսկ «վաղն է»։
Կռվի ժամանակ միջուկային օբյեկտներին պետք չէ սպառնալ. Գրոսին` Հայկական ԱԷԿ-ի մասին
ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրենը հավելել է, որ Հայաստանի ղեկավարության առջև շատ հարցեր են ծառացած՝ կառուցել սովորական կամ խոշոր կայա՞ն, թե՞ մի քանի փոքր մոդուլային տիպի ռեակտորներ: Մեկ այլ հարց է` ում հետ պետք է կառուցել կայանը՝ «Ռոսատոմի՞», որը հայկական ատոմային էներգետիկայի երկարաժամկետ գործընկերն է, թե՞ինչ-որ արևմտյան ընկերությունների հետ։Նա նշեց, որ այս և այլ հարցերը դեռ պետք է քննարկել։
«Առանց Հայկական ԱԷԿ-ի ստիպված կլինենք վերապրել մութ ու ցուրտ ժամանակաշրջանը։ Ուստի անհրաժեշտ է հավաստիանալ, որ կայանի անվտանգության բոլոր համակարգերը գործի են դրված և նորմալ են աշխատում»,–հավելել Է Գրոսին։
Հիշեցնենք, որ «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները սկսել են նոր ատոմային էներգաբլոկի նախագծի շուրջ բանակցությունները։ Մասնավորապես քննարկվել է ՋՋԷՌ (Ջրաջրային էներգետիկական ռեակտոր) տիպի ռեակտորի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կառուցվածքի, ՏՏՀ կատարման տեխնիկական առաջադրանքի և կիրառվելիք նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին ու լիցենզավորմանը վերաբերող մոտեցումների քննարկումը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ավելի վաղ հայտարարել է, որ 2025-2026 թթ ծրագրվում է սկսել նոր ԱԷԿ-ի կառուցումը։
ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի աջակցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին․ Գրոսի
Նախապես դիտարկվում էին ինչպես խոշոր, այնպես էլ միջին հզորությամբ մեկ կամ մի քանի կայանի (300-600 ՄՎտ) կամ նույնիսկ էներգաբլոկների (50-150 ՄՎտ) կառուցման տարբերակներ։ Առայժմ ընտրությունը կատարվել է հօգուտ խոշոր կայանի։